Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Խորթ կապիտալիզմից հարազատ սոցիալիզմ (արձագանք «Հանուն հայրենիքի» ՀԿ-ի նախագահ Ներսես Ներսիսյանի «Հայ ազգային սոցիալիզմ» տեսակետին)

Խորթ կապիտալիզմից հարազատ սոցիալիզմ (արձագանք «Հանուն հայրենիքի» ՀԿ-ի նախագահ Ներսես Ներսիսյանի «Հայ ազգային սոցիալիզմ» տեսակետին)
13.03.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
Սկսենք նրանից, որ սոցիալիզմ (լատ.` Socialism) նշանակում է հասարակավարություն, որի քաղաքական և տնտեսական կազմակերպումը հիմնված է արտադրության բաշխման և փոխանակման միջոցների հավաքական կամ պետական սեփականության վրա: Այն գործածական է նաև կապիտալիստական հասարակարգում, ուր արտադրամիջոցների և արտադրահարաբերությունների զարգացումը բազմակացութաձև է:
Սոցիալիզմը սկզբնական շրջանում դրսևորվում էր հեղափոխական իմաստով, հենց այդ պատճառով էլ նաև այսօր շատերը հասկանում են որպես հեղափոխությամբ հավասարական ինտերնացիոնալ հասարակարգ, որտեղ բոլոր ազգերի և անհատների հավաքական բարեկեցությունը համահարթեցման է տարվում` բացառելով ազգային և անհատական շահի հետապնդումը:
Այսօր կապիտալիզմի ուղին բռնած ՀՀ-ն էլ կարող է ունենալ բազմակացութաձև տնտեսակարգ, որն իր մեջ կարող է նաև ներառել սոցիալիզմին բնորոշ արտադրահարաբերություններ: Մանավանդ որ մեծամասնությունը համոզված է, որ ազգային սեփականության որոշ օբյեկտներ պետք է բացարձակ պետական սեփականություն հանդիսանան: Դրանց մեջ առաջնահերթ են ընդերքը, անտառները, հանքահորերը, հանքարանները, էներգետիկան, կապի և տրանսպորտի միջոցները… Սրան զուգահեռ պետք է շարունակեն գործել մասնավոր սեփականության ձևերը և մրցակցության միջոցով զարգացնեն տնտեսությունը շուկայական հարաբերություններին համապատասխան: Կարևորն այն է, որ սոցիալիստական տնտեսության առկայությամբ կպաշտպանվեն սոցիալական գրեթե բոլոր խմբերը:
Անկախության տարիներին քրեական եղանակներով հարստացած վերնախավը կարճ ժամանակում փոշիացրեց ՀՀ-ում գործող մոտ 800 արտադրական հզոր կազմակերպություններ, զրկեց այն հիմնարար բազաներից, որոնց շնորհիվ կզարգանար արդյունաբերությունը, օրինակ` «Մասիս» ֆիրմայի կոշիկի արտադրությունը, «Գարուն» արտադրական միավորման վերնաշապիկները, «Սապֆիր» արտադրական միավորման լազերային տեխնիկան ու հաստոցաշինությունը և այլն, և այլն: Հանրապետության արդյունաբերությունը զրոյի հավասարվեց, իսկ տնտեսությունն իր կոպեկային մասնավորեցմամբ դեպի ֆեոդալական սկզբնաղբյուրներ գնաց։ Սա այն դեպքն է, երբ տնտեսության գործունեությունը բխում է ֆեոդալի շահերից, բայց ոչ պետության, քանզի ամեն ֆեոդալ իրեն թագավորիկ է զգում, այլ ոչ պետության ծառա։
Դեռ մինչև համաշխարհային տնտեսական ու ֆինանսական այս ճգնաժամը մեր պետական այրերի վարած անհեռատես, ազգային շահերից չբխող տնտեսական քաղաքականությունը հասցրել էր նրան, որ մոտ 700 հազար մարդ, ովքեր աշխատում էին Հայաստանի մաս առ մաս վաճառված, թալանված, մասնավորեցված, սնանկ ճանաչված գործարաններում, մնաց անաշխատանք: Երբ սկսվեց երկրի համատարած սեփականաշնորհում-թալանը, նույնիսկ դատախազությանն էր արգելված զբաղվել դրանով և ցուցում էր տրված չխանգարել նոր կացութաձևում տնտեսավարող սուբյեկտների «ոտքի կանգնելուն»:
Սա ոչ մտքի մարզանք է և ոչ էլ անլուրջ փաստարկների շարք, սա մեր իրականությունն է, ցավալի իրողություն, որի հիմքում նաև կոռուպցիան է իր բոլոր դրսևորումներով:
Այսօր արդեն Հայաստանում ավելի քան կես միլիոն կենսաթոշակառու գտնվում է սոցիալապես ամենաանապահով վիճակում: Այսօր շատ հայերի համար հոգսերն են շատ, մարմինները` տկար, սրտները` վիրավոր: Գրեթե 20 տարի է, քրքրվում են ժողովրդի ոսկորները: Այս անկախացումը մեր սպասածը չէր, որովհետև վերածվեց համատարած թալանի: Քանի՜- քանի հայ այսօր հայրենիքում իրեն ավելորդ է համարում: Ինչո՞ւ նրանք, ովքեր աշխատել ու կառուցել են դպրոցներ, շենքեր, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, այսօր ստիպված հաց են հավաքում… աղբանոցներից:
Հարկ է նշել, որ ազգային հասարակավարության մասին հիմնական պատկերացումներին զուգահեռ պետք է միշտ էլ լինեն ապագայի հասարակավարության մասին ավելի ընդհանրական պատկերացումներ, ինչպիսիք են պետության միջազգային և նույնիսկ համաշխարհային իրավունքը, որի համար հիմք են ծառայում և խթան հանդիսանում ժամանակակից գիտությունն ու արտադրությունը, արդյունաբերությունն ու տեխնիկան:
Ինչպես շատ գիտություններ, այնպես էլ հասարակավարության մասին գիտությունը զարգացող է: Ընդ որում, անկախ թե ով ինչպես է արտահայտվում, այնուամենայնիվ, այն դոգմա չէ, նրա զարգացումը պայմանավորված է ժամանակի թելադրանքով: Հասարակավարությունը ներկայումս նոր, ինքնուրույնություն փնտրող ուսմունք է, որը հնարավորություն է ընձեռում արդիականացնելու իր դերակատարումը պատմականորեն նոր պայմաններում` գործելով ազգային առանձնահատկությունների վրա:
Քաղաքացիական հասարակություն ստեղծող պետության մեջ, որը հանդուրժողականության ջատագովն է, պետք է ինչպես պետության կառավարմանը լայն զանգվածների մասնակցությանը որպես աշխատուժի, այնպես էլ պետության ունեցվածքից գոնե աշխատավարձի ձևով բաժնեմաս ունենալու հնարավորություն ընձեռվի: Սակայն ցավալի է, որ այդպես չէ, որովհետև իշխանության եկողները կամ պաշտոններ ստանձնողները հեռու են ոչ միայն ազգային մտածողությունից, այլև հասարակավարության գլխավոր սկզբունքները հասկանալուց: Նրանք այն վերագրում են անցյալին` իբրև արդեն արատավոր «սոցիալիստական հասարակարգին» և խորշում դրանից, մոռանալով, որ այսօր համաշխարհային ու ֆինանսական տնտեսական ճգնաժամին միայն հզորներն են կարողանում դիմակայել, իսկ հզոր լինել նշանակում է ընդունել հասարակավարության գլխավոր սկզբունքներից մեկը` բազմակացութաձև տնտեսությունը, որի լավ օրինակ է Չինաստանը:
Ս. ՄԱՃԿԱԼՅԱՆ
Իրավաբան

Դիտվել է՝ 5334

Մեկնաբանություններ